Ընդդիմության գործողությունների մեջ նորություններ կլինեն․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Երբ երկրի իշխանության ղեկին պարտված մարդիկ են, բանակցողը նույնն է՝ նրանք գտնվում են ներքին, նաև միջազգային հարթակում պարտադրանքի ճնշման ներքո։ Ազգային ժողովում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ճնշումներն այն ուղղությամբ են, որպեսզի վերջնականապես կատարվի Ադրբեջանի և Թուրքիայի կամքը, որ միջանցք բացվի Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, կամ միտումնավոր են անում, որ ինչքան տաս, հակառակորդն այնքան շատ ուզելու է։ Տալու փոխարեն՝ պետք է ամրապնդել պաշտպանությունը»,- ասաց Օհանյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության քայլերին, ապա Սեյրան Օհանյանը նկատում է, որ այս պահին վերլուծություններ են անում․ «Ապագայում մեր գործողություններում կլինեն նորարարություններ»։
Անդրադառնալով արտաքին ճնշումներին, Սեյրան Օհանյանը չի կարծում, որ Մոսկվայի կողմից ճնշումներ կան։
«Ես չեմ տեսնում, որ Կրեմլը միջանցքի հարց է առաջ քաշում, գործողություններ են ընթանում ենթակառույցների, ճանապարհների բացման ուղղությամբ։ Ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ նետել երկիրն այս կամ այն թևերի կենտրոն, այս կամ այն թևերի շփման հատված, այդ ամենն է թույլ տալիս, որ Հայաստանի վրա ճնշումները շարունակվեն, հատկապես որ մենք երկու բանաձևի մեջ տեսնում ենք, որ Արևմուտքից մեզ տրամադրված բանաձևը տանում է նրան, որ վերջնականապես կկորցնենք Արցախը»,- ասաց Օհանյանը։