«Քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կլինի, տարածք էլ կկորցնենք»․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)
2021 թվականի մայիսից ի վեր՝ 100 քկմ-ից ավելի տարածք Հայաստանը զիջել է Ադրբեջանին։ Ընդ որում, ավելի քան 60 քկմ-ն՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին նախաձեռնած հարձակման ժամանակ։ Այս մասին ԱԺ միջանցքում, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Լրագրողների հարցին, թե ինչու մինչ օրս այդ տարածքների մասին ոչինչ չի խոսվել, Գագիկ Մելքոնյանը նեղսրտեց․ «Ո՞նց չի ասվել, ասել ենք, որ հենակետեր են գրավել իրենք»։
Նա ինքն էլ եղել սահմանին ու տեսել, որ ադրբեջանցիներն արդեն մեր դիրքերում ինժեներական աշխատանքներ են իրականացնում։ «Մենք դիրքային կորուստ ենք տվել, չենք նահանջել, իրենք եկել գրավել են ու հիմա տեխնիկա են աշխատացնում սահմանին, ու առաջնագիծը փոխվել է»,- բացատրեց Գագիկ Մելքոնյանը։
Նա այս ամենը լրագրողներին ասում էր շատ հանգիստ տոնով։
«Բնական է, որ եթե մի օր էլ մնալու լինեն՝ պայմաններ են ստեղծում հենաակետ են սարքում, բայց խոշոր տերությունների ձեռքին է՝ ինչ կլինի հետո»,- ասում է Գագիկ Մելքոնյանն ու նշում, որ 32 տարի կրակոցներ են։
Հիմա նա արդեն խաղաղության կողմնակիցն է ու հույսը դրել է միայն «խաղաղության պայմանագրի» վրա։
«Գերտերություններն են մեզ ասել, որ մինչև տարվա վերջ պետք է կնքել «խաղաղության պայմանագիրը»»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, երբ ադրբեջանցիները շարունակում են կրակել՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց․ «Քանի մենք էս խելքին ենք, պատերազմ էլ կլինի, ամեն ինչ էլ կլինի, տարածք էլ կկորցնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։