Ջերմուկում վնասները հենց բիզնես միջավայրին են հասցվել․ Քերոբյան
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 13-ից հետո եղել է Ջերմուկում և Վարդենիսում, որպեսզի անձամբ ծանոթանա իրավիճակին։ Այս մասին նա ասաց ԱԺ լրագրողների հետ ճեպազրուցյում։ Նախարարին անհանգստացրել է ստեղծված իրավիճակը։ Միևնույն ժամանակ Քերոբյանը հույս ունի, որ իրավիճակը կբարելավվի։ Նրա համար հուսադրող է հյուրանոցների ակտիվացումը։
«Ջերմուկի հյուրանոցներն սկսել են աշխատել: Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի, այնտեղ հյուրանոցային համարներում ոչ մի ազատ տեղ չի եղել: Հիմա իրավիճակն այդպիսին չէ, բայց ակտիվանում է: Առաջ հյուրանոցները լցված էին 100 տոկոսով, հետո դարձավ զրո: Հիմա զրո չի, ավելի մոտ է 10-15 տոկոսանոց լցվածության»,- ասաց Քերոբյանը։
Անդրադառնալով տնտեսական վնասին, նա նշեց, որ վնասները հենց բիզնես միջավայրին են հասցվել։
«Բազմաթիվ միջազգային միջոցառումներ չեղարկվեցին, որոշ ներդրողներ իրենց ծրագրերը սկսեցին հապաղել: Մենք կոչ ենք անում բոլոր ներդրողներին՝ չդադարեցնել իրենց պլանները, նույնիսկ չդանդաղեցնել: Պետք է ուրախությամբ նշեմ, որ այսօր մասնակցելու ենք խոշոր շվեդական ընկերության աշխատանքի սկսմանը Հայաստանում: Խոսքը «Evolution Gaming»-ի մասին է, որը ավելի քան 20 մլրդ դոլար կապիտալիզացիայով ընկերություն է: Նրանք նախատեսում են Հայաստանում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել, խոսքը հազարների մասին է»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ Կառավարությունն արդեն գումարներ է հատկացրել մարզպետարաններին, որ արագ վերականգնեն միջավայրը։