Թուրքիան խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ բանակցություններում. Չավուշօղլու
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ բանակցությունների և հարաբերությունների կարգավորման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է TRT հեռուստաալիքը։
«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցությունների ցանկացած հարթակում, չենք տեսնում խոչընդոտներ, որոնք կխանգարեն երկխոսությանը», - ասել է նա Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով։
Արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ հարաբերությունների կարգավորման հարցերով երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն այսուհետ հանդիպումներ են անցկացնելու ոչ թե երրորդ երկրների տարածքում, ինչպես նախկինում, այլ Թուրքիայում կամ Հայաստանում։ «Հատուկ ներկայացուցիչներն իրենք կպայմանավորվեն, թե որտեղ և երբ կհանդիպեն, երրորդ երկրներ գնալու բան չկա»,- ասաց նա։
Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ պատրաստ է հանդիպել նաև իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների ժամկետ դեռ չկա։