Մուրադ Փափազյանը դատի է տվել ԱԱԾ-ին. պահանջում է հանել իր տվյալները՝ անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջով՝ պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Վարչական դատարանը՝ դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցադիմումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չեն թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։ Մուրադ Փափազյանը ստիպված էր նույն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ընդ որում, Մուրադ Փափազյանի մուտքը մինչ այդ արգելված էր Թուրքիայում և Ադրբեջանում։ Իրավապահների և պատկան մարմինների կողմից որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի տրվել, թե որն է պատճառը Փափազյանի մուքտը ՀՀ արգելելու համար։ Բարձրացված աղմուկին օրեր անց հաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:
«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:
Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից ևս հիշատակել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի գ և զ կետերը, համաձայն որի՝ գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ։ Իսկ զ կետը թույլ է տալիս անձի մուտքն արգելել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:
Մանրամասները՝ այստեղ: