Անահիտ Ավանեսյանը գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների ծրագրի ներդրման համար պարգևատրել է մի շարք ամերիկահայ բժիշկների
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել Կանադայի «Ալբերտայի համալսարան»-ի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին, Գլենդելի (ԱՄՆ) «Ադվենտիստ կաթվածի համապարփակ կենտրոն»-ի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանին և Բոսթոնի Համալսարանի (ԱՄՆ) պատվավոր դոկտոր Վիկեն Բաբիկյանին գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայություններում ներդրած նշանակալի ավանդի համար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Բարձր եմ գնահատում առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումը: Բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը միտված այս ծրագիրը բարեհաջող ընթանում է: Իսկ ստեղծված համագործակցությունը մնայուն և լավ օրինակ է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Հյուրերը փաստել են, որ կաթվածի բուժման ծրագիրը հասանելի է դառնում մարզային բնակչության համար` Գյումրիի բժշկական կենտրոնում ծրագրի ներդրման օրինակով:
Անդրադարձ է եղել նաև կաթվածի հեռաբժշկության զարգացմանը, մասնագետների վերապատրաստման հնարավորություններին, միասնական գործելակարգ մշակելու անհրաժեշտությանը:
Քննարկվել են նաև հեռանկարային հարցեր: