Դա պետք մեկնաբանեն ՀՀ իշխանությունները. Զախարովան` «հավաստի աղբյուրի» լուրերի մասին (տեսանյութ)
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել «Հայկական ժամանակ» թերթում Երևանի վերաբերյալ Մոսկվայի ծրագրերի մասին աղմկահարույց հրապարակման էությունը: Նա նշել է, որ դա պաշտոնական հայտարարություն չէ։
Ըստ հրապարակման, իբրև թե ՌԴ-ն Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով միջանցք պահանջելու հիմնական շահառուն է։ Հոդվածում նաև ասվում էր, որ Մոսկվան միտումնավոր ռազմական օգնություն չի ցուցաբերում Երևանին, որպեսզի նա իրեն ավելի խոցելի զգա և, ի վերջո, «ավելի ամուր կառչած մնա» ՌԴ-ին։
Զախարովան հայտարարել է, որ այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի պաշտոնատար անձանց։
«Աղբյուրներին հղում արված դեպքերը մեկնաբանելն իմ իրավասությունը չէ։ Հարցն ուղղեք Հայաստանի իշխանություններին ու թող նրանք բաց ու անկեղծ պատասխանեն ձեզ»,- ասել է Զախարովան։