Հայաստանը, Միկրոնեզիան, Պապուա և Նոր Գվինեան նույն հորիզոնականում
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն առևտրի ազատության մակարդակով Heritage Foundation-ի կազմած «Տնտեսական ազատության ինդեքս 2016»-ում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ ստանալով 100 հնարավորից 88.6 միավոր։ Վրաստանի տվյալ ցուցանիշն անփոփոխ է մնում 2014 թվականից։ Ընդ որում՝ նույնչափ միավոր ունի նաև Մավրիկիոսը։
Առաջատարը Հոնգկոնգն է՝ 90 միավոր։ Նույնքան միավոր են ստացել նաև Լիխտենշտեյնը, Սինգապուրը, Մակաոն, Շվեյցարիան, որոնք բոլորն էլ զբաղեցնում են առաջին տեղը։ Երկրորդ տեղում Սվազիլենդն է՝ 88.8 միավոր, որից Վրաստանը փաստորեն հետ է մնացել միայն 0.2 միավորով։ Վարկանիշային աղյուսակը կազմողներն ընդգծում են, որ հետազոտությունն ի ցույց է դնում ազատ առևտրի ու դրական մյուս ցուցիչների միջև կապը, ինչպիսիք են օրինակ աղքատության ցածր մակարդակը, տնտեսական ցուցանիշներն ու բիզնես միջավայրը։ Տարածաշրջանում Վրաստանից հետո լավագույն արդյունքն ունի Հայաստանը՝ 49-րդ տեղ և 85.6 միավոր։ Այդպիսի արդյունք ունեն նաև Միկրոնեզիան ու Պապուա և Նոր Գվինեան։
Ադրբեջանը 75.8 միավորով 93-րդն է, իսկ Ռուսաստանը՝ 72.4 միավորով 111-րդը։