Վիգեն Խաչատրյանի հայտարարությունն անլուրջ ու վտանգավոր է․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Այս իրավիճակում կարծես Հայաստանում Ադրբեջանի դեսպանն է նման հայտարարություն անում, թե Արցախի սահմանները ոչ մեկը չի ճանաչել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ արձագանքելով ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, թե ոչ մեկը չի ճանաչել Արցախի սահմանները:
Գեղամ Նազարյանի գնահատմամբ՝ Վիգեն Խաչատրյանի հայտարարությունն անլուրջ ու վտանգավոր է։
«Այսինքն, ստացվում է՝ եթե Ղազախստանը, Տաջիկստանը չի ճանաչել Արցախի սահմանները, ապա Հադրութն Արցախ չէ՞: Սա շատ վտանգավոր է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, թե ինքը չի ճանաչում նաև Հայաստանի սահմանները։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը նույն ձևով ասում է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները սահմանազատված չեն, հետևաբար՝ չկան:
«Այսինքն՝ Ադրբեջանը չի թաքցնում իր ագրեսիվ պահվածքը։ Եվ այս իրավիճակում հայտարարել, թե Արցախի սահմանները որևէ մեկը չի ճանաչել, շատ վտանգավոր է, կարծես Հայաստանում Ադրբեջանի դեսպանը լինի Խաչատրյանը։ Պետք է ներողություն խնդրել ամեն մի նման արտահայտության համար, վաղ թե ուշ համապատասխան կառույցները քննելու են նման հայտարարությունները և փորձեն դրդապատճառները գտնել, թե ինչու է ՔՊ-ականն այդքան ջանադրաբար պաշտպանում ադրբեջանական տեսակետները»,- ասաց Գեղամ Նազարյանը: