Ավետիսյանների հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել. նրանց վախեցրել են, թե «բերաններդ կփակեք»
Այս պահին Գյումրիի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է:
Այդ մասին տեղեկացնում է newspress.am-ի թղթակիցը:
Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ սպանության գործով դատական նիստն անցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում և դատավարության համար ստեղծվեն համապատասխան պայմաններ:
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով առաջին նիստը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին, անցկացվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:
Մինչ բողոքի ակցիան, Ավետիսյանների իրավահաջորդները որոշել էին բոյկոտել նիստը, սակայն այժմ նրանք վճռել են մասնակցել նիստին և հունվարի 18-ին անցկացվելիք դատական նիստի համար պահանջել նորմալ պայմաններ:
«Առանց մեզ էսպես թե էնպես պետք է անեն, ու փակեն, ավելի լավ է մասնակցենք, ու մեր պահանջը ներկայացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը:
Նա հայտնեց, որ կայանալիք դատական նիստում փաստաբանն իրենց պահանջով միջնորդություն կներկայացնի:
«Թող մեզ ապահովեն նորմալ պայմաններ, որ մենք կարողանանք էդ Պերմյակովի ձայնը լսել… Չենք հասկանում, թե դատական նիստը երբ է սկսվում եւ ավարտվում, ոչ նստելու տեղ կա, ոչ` կանգնելու: Մենք պահանջում ենք, որ դահլիճում ամեն ինչ ապահովված լինի»,- իր վրդովմունքը հայտնեց Ռիտա Պետրոսյանը:
Նա նկատեց, որ իրենց հուզող տասնյակ հարցեր կան, որոնց պատասխանները ուզում են իմանալ: Բացի այդ Ռիտա Պետրոսյանը խոստովանեց, որ հարազատների հուղարկավորության օրն իրենց զանգել ու վախեցրել են, թե «բերաններդ կփակեք…»