ՀՀ պետբյուջեից 17.6 մլրդ դրամ կհատկացվի մինչև 2 տարեկան երեխա խնամողների նպաստների համար
Խնամքի նպաստ կնշանակվի Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել կառավարության ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում` վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ.-ի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում` նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ.-ի դեկտեմբերի 31-ը»,- ասված է հաղորդագրությունում:
Նախագծով առաջարկվում է նաև վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հավաստմամբ` գյուղաբնակ և քաղաքաբնակ բոլոր ծնողները կստանան այս նպաստը:
Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 17.6 մլրդ դրամ: