Հայտնի ու անհայտ դեսպանները
Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ աշխարհի ավելի քան 150 երկրի հետ և դեսպանություններ ունի ՄԱԿ-ի անդամ 193 երկրում: Օրեր առաջ էլ նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանի փոխարեն ԱՄՆ դեսպան նշանակվեց Գրիգոր Հովհաննիսյանը, ով մինչ այդ համատեղության կարգով դեսպան էր մի քանի երկրում: Վերջինս դիվանագիտական աշխատանքի մոտ 20 տարվա փորձ ունի, սակայն նույն դիվանագիտական շրջանակներում նրան ինչ- որ կարևոր աշխատանքի համար չեն հիշում ու չեն առանձնացնում: Ընդհանրապես մեր դիվանագիտական կորպուսը, որը մեր պետական բյուջեի հաշվին է սնվում, Հայաստանի համար կարևոր հարցերում իներտ է եղել, այդպես եղավ, օրինակ մարդասպան Սաֆարովի արտահանձնման ժամանակ, ՌԴ-ում հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով:
Օրինակները բազմաթիվ են: Դիվանագիտության անգործության պատճառը մեկն է, բիզնեսը ներխուժել է դիվանագիտություն և դեսպանները նշանակվելուց հետո սեփական շահերն են առաջ քաշում: Ժամանակին անգամ շրջանառվում էր, թե Սամվել Ալեքսանյանն էլ դեսպան կնշանակվի Իրաքում, քանի որ այնտեղ ունի բիզնես ծրագրեր: Սամվել Ալեքսանյանն էլ շատ ոգևորվեց, ընդհուպ այն աստիճան, որ հիմա էլ իր դիվանգիտական միտքը արտահայտելու համար լրատվամիջոցներից փող էր ուզում:
Ըստ օդում կախված լուրերի՝ դեսպան նշանակվելու համար կլորիկ գումար են վճարում: Թե ինչու Ալեքսայանին չի հաջողվում դեսպան նշանակվել, դա այլ հարթության հարց է: Իսկ ավելի լուրջ, եթե Հայաստանը ունենար գործող դիվանագիտական լուրջ կառույց, միջազգային հարթակներում մեր վարկանիշը այլ կլիներ և, ի վերջո, եթե արտգործնախարարությունն իր դեսպաններով աշխատեր, գուցե Սփյուռքի նախարարության կարիք չլիներ: