Մինչև սեպտեմբերի 13-ը Սոթքի այս տանն ապրում էր ընտանիք՝ ամուսին, կին, երեխաներ. Թագուհի Թովմասյանը տեսանյութ է հրապարակել ավերված տնից
Մինչև սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիան Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի այս տանն ապրում էր ընտանիք՝ ամուսին, կին, երեխաներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ամուսինը զինվորական է, այդ օրը հերթապահ է եղել։ Պայթյունի ձայները լսելուց անմիջապես հետո ընտանիքի անդամները շտապել են փրկվել․ նույնիսկ մեքենան մնացել է տեղում՝ հայկական դրոշն էլ՝ մեջը։
Սոթքում գտնվող այս բնակարանի մեջ միանգամից մի քանի հրթիռ է ընկել, և երջանիկ պատահականությամբ զոհեր չեն եղել։ Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր վերականգնել այս տունը․ պատերն ամբողջությամբ քանդված են։
Միջազգային մեր գործընկերների սոսկ դատապարտումները քիչ են․ կոնկրետ պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի և Իլհամ Ալիևի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիների կյանքի իրավունքը ոտնահարելու համար»,- գրել է նա։