Անվտանգության նպատակներով ՀՀ երեք մարզերի մի շարք դպրոցներ կանցնեն հեռավար ուսուցման. Ժաննա Անդրեասյան
Այսօրվանից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դպրոցները, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված՝ դադարեցրել են ուսումնական գործընթացը, կվերսկսեն աշխատանքը։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրեասյանի խոսքով՝ տրամադրված արձակուրդն ավարտվել է։ Այն դպրոցներում, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրներ չկան, կկազմակերպվի սովորական, իսկ որոշ դպրոցներում՝ հեռավար ուսուցում։
«Մասնավորապես, Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ դասեր տեղի կունենան 12 դպրոցում։ Խոսքը հիմնականում Վարդենիսի դպրոցների մասին է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի երեք դպրոցներում ուսուցումը կկազմակերպվի հեռավար, մյուսներում՝ սովորական ձևով։ Սյունիքի մարզում միայն 5 դպրոցներում (հիմնականում Քաջարանում և մեկ դպրոց Կապանում) ուսուցումը կվերսկսվի սովորական ձևով, այսինքն՝ առկա ուսուցում»,- նշել է Անդրեասյանը։