Պուտինը դիմել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով: Ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը տեղի է ունենում երկուշաբթի՝ Երևանում:
«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը դուրս են բերվել բարձր դաշնակցային մակարդակի»,- ասված է Պուտինի հայտարարության մեջ։