Լոռու մարզպետը «հանգստացրեց» ճանապարհ փակած գյուղացիներին․ խոստացավ՝ գյուղ տանող ճամփան վերանորոգել հոկտեմբերին․ փաստորեն, անձրևներն սկսելուն պես (տեսանյութ)
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել։ Նա տեղեկացրել է, որ Լոռու մարզի Թումանյան համայնքի Մոտկորի ենթաշրջանի բնակիչները, որի մեջ մտնում են Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերը, փակել են Մ6 միջպետական ճանապարհը, պահանջում են վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհը, որը գտնվում է շատ վատ վիճակում։
Կառավարությունը 2021-ին գումար էր հատկացրել ճանապարհների վերանորոգման համար, սակայն այդպես էլ մեկնարկը չի տրվել: Ըստ տեղեկությունների, պատճառը ճանապարհներով անցնող ՀԷԿ-երի խողովակներն են, որոնք կարող են վնասվել վերանորոգման դեպքում։
Բնակիչները պահանջում են, որպեսզի իշխանությունները նշեն ճանապարհի վերանորոգման կոնկրետ ժամկետներ։
Լոռու մարզպետը հանդիպում է ճանապարհ փակած՝ Թումանյան համայնքի Մոտկորի գյուղերի բնակիչների հետ։ Մարզպետը հավաստիացրել է, թե իբր ճանապարհի վերանորոգումը կմեկնարկի 2022 թվականի հոկտեմբեր ամսին, ասել է թե՝ անձրևների սկսելուն պես։