Ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմի նախապատրաստություն․ Զոհրաբյանը՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հայտարարությունների մասին
Այսօր մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը։ Եվ մենք տեսանք, որ միակուսակցական համակարգով իշխող իշխանությունը նիստ է անում։ Որքան հասցրեցի հետևել, նրանք շարունակում են իրենց ցինիկ գործելակերպը։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այսօր մեր օրակարգն այն է, որ նոր պատերազմն ըստ էության մեր քթի տակ է, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մենք կանգնած են պատերազմի շեմին։ Մեր ցանկացած գործողություն պետք է միտված լինի ազգային ազատագրական պայքարին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատահական չհայտարարեց, որ ադրբեջանական բանակը բերված է առաջին աստիճանի պատրաստվածության։ Դա արվեց հենց այն օրերին, երբ տեղեկատվություն հրապարակվեց, որ Ռուսաստանն Ուկրաինայում որոշակի հետնահանջ է արձանագրում։ Այսօր արդեն երկրորդ որոշումը հրապարակվեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, այն է՝ Ադրբեջանի մինչև 50 տարեկանի որևէ քաղաքացի իրավունք չի ունենալու լքել Ադրբեջանի տարածքը։ Ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմի նախապատրաստություն»,- ասաց Զոհրաբյանը։