Հռոմի պապին խորհուրդ են տվել չմեկնել Ռուսաստան և Ուկրաինա
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ բժիշկները խորհուրդ են տալիս չեղարկել սեպտեմբերյան այցը Ղազախստան և մոտ ապագայում զերծ մնալ Ռուսաստան և Ուկրաինա այցելելուց՝ առողջական խնդիրների պատճառով։
Նա հավելել է, որ բժիշկներն իրեն թույլ չեն տալիս մեկնել Ղազախստան, որտեղ սեպտեմբերի 14-15-ը կանցկացվի համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարը։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, որ կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և անում է ամեն ինչ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։
«Ես անում եմ առավելագույնը: Եվ ես խնդրում եմ բոլորին անել այն, ինչ իրենցից կախված է»,- ասաց նա։