Ոչ մեկը չի կարողանա ուրանալ այդ մարդկանց անցած ուղիները․ ՔՊ-ական պատգամավորը՝ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի մասին
Ջալալ Հարությունյանի նկատմամբ Քննչական կոմիտեում եղել է քրեական գործ։ Դա նշանակում է, որ ուսումնասիրվել են բազմաթիվ փաստարկված նյութեր՝ կապված նրա՝ մինչև վիրավորում ստանալը կայացրած որոշումների հետ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը պետք է տարբերակել, քանի որ խնդիրը ոչ թե մեղադրանքների ու դրանց բնույթի, այլ դասեր քաղելու մասին է։
«Ջալալ Հարությունյանն ունի գեներալի կոչում, Արզումանյանն ունի գեներալի կոչում և շատ գեներալներ․․․ բայց եթե նրանց գործունեությունը հանգեցրել է կորուստների, ապա այդ ամենը պետք է քննվի։ Բայց ուզում եմ ասել, որ ոչ մեկը չի կարողանա ուրանալ այդ մարդկանց անցած ուղիները, բայց ճոճանակն այնպես է շարժվել, որ մենք մեր հասարակության մեջ պետք է թույլ չտանք, որ այլ շահարկումները դառնան օրակարգային խնդիրներ»,- նշեց Քոչարյանը։