Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կրեմլի մամուլի ծառայությունը շաբաթ օրը հայտնել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին։
Հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, նշել նրա դերը Ռուսաստանի և ամբողջ աշխարհի նորագույն պատմության մեջ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ուկրաինայում տիրող իրավիճակին։
«Ռեջեբ Թայիփ Էրդողանը նշել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիե ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության կազմակերպման գործում: Դիտարկվել է հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահի միջնորդությամբ կնքված հացահատիկի գործարքի իրականացումը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: .
Բացի այդ, օգոստոսի 5-ին Սոչիում կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում նախագահները քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման հարցեր։