Բաքուն սադրանք է որակել Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ այցը Ադրբեջանում որակել են անօրինական և այն համարել են հերթական սադրանքը, որը խաթարում է երկու երկրների հարաբերությունները կարգավորելու փորձերը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ պաշտոնյայի կողմից նպատակաուղղված այս անօրինական քայլը Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումից անմիջապես հետո ոչ միայն ստվեր է գցում հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, այլ նաև վկայում է հայկական կողմի ոչ անկեղծ լինելու մասին։
«Այս անօրինական այցը ցույց է տալիս, որ Հայաստանի հայտարարությունները, թե տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից և ընդունում է ինքնիշխանության և պետական սահմանների սկզբունքները, հեռու են անկեղծությունից։ Դա նաև պաշտոնական Երևանի անհարգալից վերաբերմունքն է միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք հայ պաշտոնյայի սադրիչ քայլը և ընդգծում, որ միջազգային սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված ցանկացած քայլ պատասխան կստանա»,- ասված է հայտարարության մեջ։