Ֆիդանյանը պարզաբանել է, թե ինչու է ՌԴ քաղաքացիների հավաքն արգելվել և ինչու են նրանց բերման ենթարկել (տեսանյութ)
Զուտ ծանուցումը չի նշանակում, որ որոշակի հավաքների անցկացումը թույլատրելի է կամ հնարավոր է իրականացնել: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հիմքով են օրեր առաջ բերման ենթարկել Ազատության հրապարակում հակապատերազմական խաղաղ բողոքի ակցիա անող ՌԴ քաղաքացիներին:
«Նույնիսկ հավաքների ազատության մասին օրենքը հստակ սահմանում է հավաքների ազատության սահմանափակումը: Այնտեղ նշված է, որ եթե առկա են տեղեկություններ կամ հնարավոր է հասարակական կարգի դեմ ուղղված որոշակի գործողություններ: Ոստիկանությունում առկա էին հստակ տեղեկություններ, և արդեն իսկ նշմարվում էր, որ տվյալ տարածքում առկա են նաև այլ տեսակետի տիրապետող անձինք, ինչը նշանակում է, որ այդտեղ չի բացառվում բախումներ լինեն:
Դրանով պայմանավորված որոշում էր կայացվել, որ տվյալ հավաքը հենց այդ պահին պետք է ընդհատվի»,- ասաց Ֆիդանյանը: