Փոխոստիկանապետը՝ Վեդիում հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած ընդհարման մասին
Իրականացվում են ստուգումներ։ Մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Ներկա պահին պարզաբանումներ են իրականացվում։ Պարզում ենք, թե ով-ով է իրականում հանդիսանում, նույնականացնում ենք։ Մանրամասների մասին անպայման կտեղեկացնենք։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Վեդիում հայերի և թուրքերի միջև տեղի ունեցած միջադեպին հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Ֆիդանյանի խոսքով՝ ոստիկանությանը տեղեկացվել է, որ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ՝ վիճաբանություն կամ քաշքշուկ։ Հանրությանն արդյունքներն առավել մանրամասն կներկայացվեն համապատասխան աշխատանքներից հետո։
Հարցին, թե ճիշտ են արդյոք այն լուրերը, որ ոստիկանները ոչ մի գործողություն չեն իրականացրել, Ֆիդանյանը նշեց, որ դրանք պարզապես անհայտ աղբյուրի կամ ականատեսի մեկնաբանություններ են։ «Ես ասում եմ, որ բոլոր հանգամանքները կպարզենք և կներկայացնենք հանրությանը»,- նշեց Ֆիդանյանը։
Անդրադառնալով վիճաբանությանը մասնակցած անձանց ազգային պատկանելիությանը, Ֆիդանյանը նշեց, որ որոշ երկների անձնագրերում այն չի նշվում. «Միջադեպը տեղի է ունեցել ընդամենը ժամեր առաջ, ուստի շատ հանգամանքներ պետք է պարզել»։
Հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ նման միջադեպ կրկին կլինի, Ֆիդանյանը նշեց․ «Բնականաբար, մտավախություններ կան, սակայն պետք է ավելի համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն։ Այսինքն՝ եթե կա մտավախություն, ապա այդ անձինք պետք է պահվեն կա՛մ կալանքի, կա՛մ անազատության մեջ, իսկ եթե չկան իրավական հիմքեր, ապա նրանք պիտի անհապաղ ազատ արձակվեն։ Հետևաբար, այլ միջոցառումներ են պետք, որոնք իրականացվում են»,- նշեց փոխոստիկանապետը։