Սեպտեմբերի 1-ից բոլոր թոշակառուների թոշակը կբարձրանա 3000 դրամով․ Փաշինյան
Կառավարության նախորդ նիստերից մեկում մենք որոշում կայացրինք թոշակների բարձրացման վերաբերյալ և մեր նպատակադրումն էր, որ այս փուլում թոշակներն առնվազն 3000 դրամով ավելանան։ Մարզերում շատ տատիկներ և պապիկներ ինձ մոտեցան և ասացին, որ իրենց թոշակներն ավելանում են ընդամենը 1900 դրամով կամ ավելի քիչ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում պարզել են, որ թոշակառուների 97,5%-ի համար թոշակները բարձրանում են սեպտեմբերի 1-ին՝ առնվազն 3000 դրամով, բայց 6400 թոշակառուի համար բարձրանում է գործող բանաձևով՝ 2500 դրամով, 5300-ի համար՝ 1900 դրամով։
«Մենք քննարկեցինք և հարկ համարեցինք հավաստել, որ ճիշտ են այդ դիտարկումները, հատկապես մեր հայտարարությունների ֆոնին։ Եվ մեր սիրելի թոշակառուների համար մենք լրացուցիչ որոշում կկայացնենք, որպեսզի սեպտեմբերի 1-ին՝ ինչպես խոստացել էինք, որ բոլորինը բարձրանա առնվազն 3000 դրամով»,- ասաց Փաշինյանը։