Զելենսկին կրկին Շտայնմայերին հրավիրել է Կիև․ Bild
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին հրավիրել է Կիև։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով Bild թերթին։
«Մենք դեռ սպասում ենք նրա այցին Կիև»,- ասել է Մելնիկը հարցազրույցում։
Իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի նախաձեռնությամբ Շտայնմայերը ցանկացել է Դուդայի և մերձբալթյան երկրների ղեկավարների հետ մեկնել Կիև։ Այցը նախատեսված էր ապրիլի 13-ին և պետք է ցուցադրեր «համաեվրոպական համերաշխություն» Ուկրաինայի հետ։ Սակայն վերջին պահին Ուկրաինայի կառավարությունն անցանկալի է հայտարարել Գերմանիայի նախագահի այցը։
Ավելի վաղ «Spiegel» ամսագիրը հայտնել էր, որ Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը քիչ էր մնում ավարտվեր սկանդալով։