Նիդերլանդներում 105 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով
Թռչնագրիպ է հայտնաբերվել Նիդերլանդների հյուսիսում գտնվող Միններցգա գյուղի բրոյլերների ֆերմայում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տեղեկացնելով, որ մորթվել են բոլոր հավերը։
«105,000 հավ է մորթվել՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Սա, ամենայն հավանականությամբ, խիստ ախտածին տարբերակ է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Նիդերլանդների գյուղատնտեսության, բնության և պարենի նախարարությունը։
Երեք կիլոմետր շառավղով կա ևս երկու բրոյլեր ֆերմա։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Նիդերլանդների սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության մարմինն ուշադիր հետևելու է այդ ընկերություններին:
Հայտնում են նաև, որ 10 կմ շառավղով կան 10 այլ թռչնաբուծական ֆերմաներ։ Նրանց արգելվում է թռչնի, ձու և թռչունների թափոններ տեղափոխել՝ վիրուսի տարածումը կանխելու համար։
Թռչնագրիպի այս բռնկումը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին և ամենածանրն է վերջին 20 տարվա ընթացքում։ Այս ընթացքում վիրուսը հայտնաբերվել է առնվազն 50 թռչնաբուծական ֆերմաներում, ոչնչացվել են միլիոնավոր թռչուններ։