Մոլդովայի վարչապետն անհանգստացած է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է վտանգել երկիրը
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան մտավախություն ունի, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է ազդել հանրապետության տարածքի վրա։ Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում։
«Սա դեռևս հիպոթետիկ սցենար է, բայց եթե մարտերը շարունակվեն Ուկրաինայի հարավ-արևմտյան մասում և դեպի Օդեսա, իհարկե, մենք շատ անհանգստացած ենք»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` առաջին հերթին մտավախությունները կապված են այն բանի հետ, որ ռուսական զորքերը գտնվում են Մերձդնեստրի տարածքում։ Մոլդովայի իշխանություններն ամեն ինչ անում են խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև ռազմական գործողությունների սրումը կանխելու համար։
Ավելի վաղ չճանաչված Մերձդնեստրի արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատիևը հայտարարել էր, որ հանրապետությունը որոշել է ձգտել իր անկախությանը, այնուհետև միանալ Ռուսաստանին։ Դիվանագետը նշել է, որ Տիրասպոլը հավատարիմ է մնացել այդ խնդիրներին: