Պորտուգալիայում և Իսպանիայում շոգից 1700 մարդ է մահացել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է, որ Պորտուգալիայում և Իսպանիայում շոգ ալիքը հանգեցրել է առնվազն 1700 մարդու մահվան։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Վերջին տասնամյակների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ են մահացել երկարատև շոգերի ժամանակ ծայրահեղ շոգի հետևանքով, որոնց ժամանակ հաճախ են բռնկվում անտառային հրդեհները։ Այս տարի մենք արդեն ականատես ենք եղել ավելի քան 1700 մահվան՝ միայն Իսպանիայում և Պորտուգալիայում ընթացիկ շոգի ժամանակ»,- ասվում է կազմակերպության կայքում։
Կլյուգեն նաև մտահոգություն է հայտնել, որ անտառային հրդեհներն արդեն հասել են հյուսիս՝ մինչև Սկանդինավիա, իսկ Լոնդոնում հրդեհը ոչնչացրել է 41 տուն։