Ի՞նչ համաձայնագիր ստորագրելու նպատակով է Շոյգուն մեկնել Թուրքիա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Ստամբուլ մեկնելու մասին։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ նախատեսվում է ստորագրել համաձայնագիր՝ Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցքի ստեղծման մասին։
«Այո՛, մենք կարող ենք հաստատել, որ Պաշտպանության նախարար Շոյգուն մեկնել է Թուրքիա։ Մենք կարող ենք հաստատել նաև, որ Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման համար միջանցքի ստեղծման համաձայանգրի ստորագրումը նախապատրաստվում է»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը և հորդորել նրանց սպասել պաշտոնական հայտարարություններին։
Ավելի վաղ թուրքական «Haber Turk» հեռուստաալիքը հայտնել էր, որ Շոյգուն բանակցությունների նպատակով ժամանել է Ստամբուլ։