Խնդիրը կկարգավորվի նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ավարտից հետո. «Վեոլիա Ջուրը»՝ Սյունիքում առկա ջրի խնդրի մասին
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Քարաշեն, Հարթաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում։ Խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ եւ այն էլ՝ 1 կամ 2 ժամով։
«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից պարզաբանեում են, որ ընկերության պայմանագրային գործառույթներից անկախ հանգամանքներով պայմանավորված (այդ թվում՝ համաճարակ, պատերազմ) խախտվել է հանրապետությունում իրականացվող ջրամատակարարման ցանցի արդիականացմանը եւ համայնքների ջրամատակարարման հետագա բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրերի ժամանակացույցը, որն էլ տարբեր բնակավայրերում ջրամատակարարման ներկայիս բարդ իրավիճակի հիմնական պատճառն է դարձել:
«Տեղեկացնում ենք, որ ներկայումս Գորիս քաղաքում, ինչպես նաեւ Քարաշեն, Հարթաշեն ու հարակից գյուղերում իրականացվում են KFW գերմանական բանկի ֆինանսավորմամբ կառուցված նոր ջրագծերի միացման եւ հին ջրագծերի ապամոնտաժման աշխատանքներ, ինչի պատճառով բնակավայրերում պարբերաբար տեղի են ունենում ջրանջատումներ, կամ շենքերի բարձր հարկերում ջրի առավելագույն սպառման ժամերին նկատվում է ճնշման անկում: Նշված խնդիրը կկարգավորվի Գորիս քաղաքում, Քարաշեն, Հարթաշեն եւ հարակից բնակավայրերում նոր ջրագծերի կառուցման աշխատանքների ավարտից եւ դրանք շահագործելուց հետո:
Հարկ ենք համարում նշել, որ մինչեւ խնդրի հիմնավոր լուծումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից նշված բնակավայրերում իրականացվում են վթարաորոնողական աշխատանքներ, ստուգայցներ, ապօրինի ջրամիացումների անջատման աշխատանքներ, ինչպես նաեւ տրամադրվել են լրացուցիչ տրանպորտային միջոցներ ջրամատակարարման ժամային գրաֆիկը հնարավորինս պահպանելու համար»,- նշվում է ընկերության պարզաբանման մեջ։
Նշենք, որ ավելի վաղ այս խնդրին անդրադարձել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ըստ պաշտպանի՝ նշված գյուղերում ջրի խնդիրը զանգվածային է եւ կրում է շարունակական բնույթ։ «Անթույլատրելի է, որ հատկապես ամռան տապին մարդիկ զրկված են ջրի եւ սանիտացիայի հասանելիությունից»,- ասվել է պաշտպանի գրասենյակի հաղոդարգության մեջ։