ԵՄ-ը կոչ է արել երկրներին սահմանափակել գազի օգտագործումը
Եվրամիությունը կխրախուսի անդամ երկրներին կրճատել գազի պահանջարկը՝ ճյուղերին հորդորելով ավելի քիչ գազ օգտագործել՝ Ռուսաստանից մատակարարումների հնարավոր կրճատումներին պատրաստ լինելու համար, տեղեկացրել է Reuters-ը։
Եվրոպական հանձնաժողովի պլանը, որը պետք է հրապարակվի հուլիսի 20-ին, առաջարկում է երկրներին արդյունաբերության համար գազի օգտագործումը կրճատելու ֆինանսական խթաններ մտցնել, ինչպես նաեւ տեղեկատվական քարոզչություն վարել, որպեսզի սպառողներն ավելի քիչ քանակությամբ գազ օգտագործեն։
Նախագծում նշվել է, որ արդյունաբերությանն ուղղված միջոցները կարող են ներառել աճուրդներ կամ տենդերներ՝ խթանելու համար խոշոր սպառողներին, որպեսզի ավելի քիչ գազ օգտագործեն։
ԵՄ-ը ձգտում է որքան հնարավոր է շատ գազի պահեստավորում ապահովել նաեւ ձմռան համար, երբ գազի պահանջարկը տների ջեռուցման համար հասնում է գագաթնակետին։
Տնային տնտեսությունները «պաշտպանված սպառողներ» են համարվում ԵՄ-ի օրենսդրությամբ, իսկ դա նշանակում է, որ գազի նորմավորումը վերջին հերթին է վերաբերելու նրանց։
«ԵՄ-ի մակարդակով ավելի վաղ ձեռնարկված համատեղ գործողություններն այս կրիտիկական պահին ավելի կնվազեցնեն պահանջմունքը ձմռանը, եթե հոսքերը Ռուսաստանից դադարեն»,- նշվել է նախագծում։
ԵՄ-ի գազի պահեստարանները ներկայում լցված են 62 տոկոսով, ինչը հեռու է նոյեմբերին դրանք 80 տոկոսով լցնելու նպատակից։