Ադրբեջանը փորձում է համոզել Վրաստանին չհրաժարվել իր գազից
Ադրբեջանական SOCAR գազային ընկերության ղեկավար Ռովնեգ Աբդուլլայևը մեկնել է Վրաստան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական azadliq.az կայքը:
Այսօր նախատեսվում է Թբիլիսիում հանդիպում անցկացնել Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ: Խնդիրն այն է, որ վրացական կողմը սկսել է բանակցություններ վարել Ռուսաստանի և Իրանի հետ գազի ներկրման ուղղությամբ: Այժմ դեպի Վրաստան գազի ամենամեծ մատակարարը Ադրբեջանն է:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կալաձեն լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանական գազի գնի շուրջ պետք է քննարկում անցկացվի:
«Ես գազի գինը չեմ ուզում բացեիբաց հայտարարել, սակայն Գազպրոմի առաջարկած գինը Ադրբեջանից ներկրվող գազից բավական էժան է: Մենք Գազպրոմի առաջարկած գինը պետք է քննարկենք SOCAR-ի ղեկավարի հետ»,- հայտարարել է վրացի նախարարը:
Վերջին օրերին Ադրբեջանում սկսել են լուրջ մտածել այս ուղղությամբ: Իրանական և ռուսական գազի մուտքը Վրաստան կարող է այնտեղից դուրս մղել ադրբեջանական գազը, որն այսպիսի տնտեսական ծանր պայմաններում հայտնված Ադրբեջանի համար ևս մեկ ծանր ֆինանսական հարված կլինի: