Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Իրանում
Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարելիք այցի մասին տեղեկությունը, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։ Բանակցություններ կանցկացվեն ոչ միայն Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, այլեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Եռակողմ հանդիպումից բացի, իհարկե, կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։ Երեկ մենք զեկուցել ենք Պուտինի և Էրդողանի առաջիկա բարձր մակարդակի շփումների մասին, և այդ հանդիպումը նույնպես տեղի կունենա այնտեղ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Mehr-ը հայտնել էր Պուտինի Թեհրան հնարավոր այցի մասին։ Ենթադրվում է, որ Պուտինն ու Ռաիսին պատրաստվում են քննարկել տնտեսական համագործակցությունը։ «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության զարգացման պլանավորումը առաջնահերթություն կլինի երկու երկրների նախագահների բանակցություններում»,- ասել է նա։