Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) օղու գործը կրկին դատարանում է
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունների՝ «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ների դեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացվել «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» և «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունների կողմից:
Հայցադիմումի մեջ ներկայացված է, որ պատգամավորի ընկերությունները օգտագործում են ալկոհոլային խմիչքներ արտադրող հայտնի ընկերությունների ապրանքային նշանները և սեփական արտադրանքը իրացնելու նպատակով մոլորության մեջ գցում սպառողներին: Երկու ընկերություններն էլ պահանջում են «Ալեքս Գրիգ» և «Ա և Գ» ՍՊԸ-ներին արգելել օգտագործել իրենց ապրանքային նշանը:
newspress.am-ի հետ զրույցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննող դատավորի օգնականը նշեց, որ մանրամասներ հաղորդելու իրավունք չունեն:
Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանին օղիներ կեղծելու մեջ մեղադրողները քիչ չեն: Նշենք նաև, որ 2014թ.-ին նույն պահանջով դատարան էր դիմել նաև «Վի Այ Վեդա Ինվեսթմենթ Լիմիթեդ» ընկերությունը, որի դատաքննություննից ևս մանրամասներ հայտնի չեն: