Բորիս Ջոնսոնը հրաժարական չի տա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով չորեքշաբթի երեկոյան Դաունինգ սթրիթում հանդիպել է իր կաբինետի մի խումբ անդամների հետ, ասել է, որ չի լքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը, ըստ որի՝ նախարարները ժամանել են վարչապետի նստավայր՝ համոզելու Ջոնսոնին ազատել աթոռը՝ նոր սկանդալի ու կառավարության անդամների մի շարք հրաժարականների պայմաններում։
Միևնույն ժամանակ, ITV-ի աղբյուրները հայտնել են, որ Ջոնսոնն իր զրուցակիցներին ասել է, որ նրանք կա՛մ պետք է աջակցեն իրեն և կենտրոնանան տնտեսական աճի վրա այս ամառ, կա՛մ բախվեն կուսակցության առաջնորդության համար պայքարին և ընդդիմության ճնշմանը, որը կձգտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
The Times-ը պարզաբանում է, որ նախարարները Ջոնսոնին հորդորել են արժանապատվորեն հրաժարական տալ, քանի որ կառավարության ղեկավարին հաջորդող վստահության քվեի ժամանակ խորհրդարանի պահպանողական խմբակցության անդամների մեծամասնությունը դեմ դուրս կգա։ Ջոնսոնը հրաժարվել է՝ ընդգծելով, որ ինքը գործում է հանուն երկրի բարօրության, այլ ոչ իր շահերի։