Թուրքիան առաջնային է համարում իր քաղաքական շահերը, այլ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները. Չավուշօղլու
Քննարկելով Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու թեման՝ Թուրքիան առաջնային է համարում իր քաղաքական շահերը, այլ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները, NTV հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Մադրիդում ՆԱՏՕ-ի 32-րդ գագաթնաժողովի արդյունքները։
Նրա խոսքով, կան հարցեր, որոնց շուրջ Անկարան և Մոսկվան հավատարիմ են ընդհանուր դիրքորոշմանը, կան այնպիսիք, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ «Միևնույն ժամանակ, Թուրքիան ավելի շատ կենտրոնացած է սեփական շահերի բավարարման վրա, քան այն, թե ինչ կասի Ռուսաստանը», - նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն։
Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ Անկարան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը։ Նա նաև հավելել է, որ Մոսկվան քննադատել է սկանդինավյան երկու երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ցանկությունը: