«342 քվեարկություններից Սաղաթելյանն ունեցել է 198 բացակա»․ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Սաղաթելյանին պաշտոնից հեռացնելու հարցը (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ԱԺ տեղակալի պաշտոնից հետ կանչելու հարցը։ Այն ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նա նշեց, որ Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 18-ից առ հունիսի 29-ը ներառյալ, ունեցել է 198 բացակա։ ԱԺ խորհրդի 25 նիստերից Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել։
«Հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Ջուլհակյանը հիշեցրեց նաև, որ թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ նրա գործընկերները հրաժարվել են 8-րդ գումարման առաջին նիստի օրը տալ պատգամավորի երդումը։
Ըստ իշխանական պատգամավորի՝ Իշխան Սաղաթելյանը հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների։
Արուսյակ Ջուլհակյանը գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հեռացնելու որոշմանը։