Խաբում եք, այդ փողոցում մի քար անգամ տեղաշարժած չէ․ բա էդ 780 մլն-ն ի՞նչ եք արել, պարոն Սանոսյան․․․ (տեսանյութ, լուսանկար)
Մայիսի 19-ի կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարությանը հաստատմանը ներկայացրեց՝ Համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների համար ֆինանսավորման հերթական որոշումը, որով պետական բյուջեից 790 մլն դրամ հատկացրեց 2020-2021 թվականների ընդհանուր առմամբ 29 ծրագրի համար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցրել է Շիրակի մարզի Սարատակ համայնքի բնակչուհի Աննա Վարդանյանը և նկատել, որ թեև կառավարության նիստում նշել են, որ ծրագրով գումար է հատկացվել նաև Սարատակ համայնքին՝ 5-րդ փողոցի վերանորոգման համար, սակայն ոչ մի գործ չի արվել։
Աննա Վարդանյանը գրել է․
«Ուրեմն, թե՛ նախարարը, թե՛ մարզպետարանը, վարչական շրջանն ու գյուղապետարանը վերևից ներքև խաբել են կառավարությանը ու առանց վատ զգալու գրել մի ցուցակ ու տվել վարչապետին․․․ Ձեզ խաբում են, գոնե այդ փողոցում մի քար անգամ տեղաշարժած չէ»։
Նա նաև լուսանկարներ է տեղադրել և հավելել․


«Ահա, սա նշված փողոցն է, որի համար գումար եք տրամադրել պետական բյուջեից։
Հարգելի կառավարություն, գումարը տրամադրելիս, բա չե՞ք նայում, հետևողական չե՞ք լինում, թե ինչպե՞ս են ծախսել այդ գումարները։ Բա նախարար եք, աշխատակից, մի օգնական, մի վարորդ չունե՞ք, որ ուղարկեք նայեն, կատարված աշխատանքները ստուգեն, համոզվեք, որ գործն արված է, հետո ցուցակը ներկայացնեք վարչապետին։ Ինչի՞ եք խաբում։ Իսկ գուցե թվարկված մյուս համայնքներում էլ է նույն պատկերը, փողը վերցրած ու գործ չարված։ Բա էդ 780 մլն ի՞նչ եք արել, պարոն Սանոսյան, տեղյա՞կ եք»,-գրել է օգտատերը։
Կառավարության նիստի տեսանյութը՝ 30-33 րոպեից սկսած․