8 անգամ կավելանա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբերում ծառայողների թիվը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքն իր արագ արձագանքման ուժերի թիվը կավելացնի գրեթե ութ անգամ՝ այն հասցնելով 300 հազարի, հաղորդում է AP լրատվական գործակալությունը։
Դաշինքն այս պահին արագ արձագանքման ուժերում ծառայող 40 հազար զինվորական ունի, որոնք անհրաժեշտության դեպքում արագորեն տեղակայվում են:
Մադիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Սթոլթենբերգն ասել է՝ սառը պատերազմից ի վեր հավաքական պաշտպանության եւ զսպման բարեփոխման ամենամեծ մասը արագ արձագանքման զորքերն են, նաեւ անդրադարձել Չինաստանի եւ Ռուսաստանի աճող ազդեցությանն ու նշել, որ Մադրիդում դաշնակիցները կքննարկեն, թե ինչպես արձագանքել դրան:
Նա նշել է նաեւ, որ գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ անդամ պետությունները համաձայննության կգան Ուկրաինային ցուցաբերվելիք լրացուցիչ օգնության մասին, ինչպես նաեւ մտադիր են «ուժեղացված համապարփակ օգնության փաթեթ» ընդունել, որում ներառված կլինեն անվտանգ կապի համակարգերի մատակարարմանն ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանությանը վերաբերվող մի շարք հարցեր: Սթոլթենբերգը շեշտել է, որ մոտ ժամանակներում, ի շնորհիվ դաշնակիցների, Ուկրաինան սովետական սպառազինությունը կփոխի ՆԱՏՕ-ի ժամանակակից սարքավորումներով:
Սթոլթենբերգն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն եւ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը գագաթաժողովի շրջանակներում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել։