Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր դաշինքի ստեղծման մասին են հայտարարել
Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան հայտարարել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր դաշինքի ստեղծման մասին։ Ընդունած համատեղ հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքէջում։ Ըստ այդ հայտարարության՝ Partners in the Blue Pacific (PBP) դաշինքը հերթական նախաձեռնությունն է՝ ուղղված տարածաշրջանային արդյունավետ համագործակցության զարգացմանն ու կղզի պետություններին աջակցության ցուցաբերմանը։
Դաշինքի երկրները նախատեսում են, համաձայն Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումի՝ մինչև 2050 թվականի ռազմավարության, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջնահերթ համարվող խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ ջանքեր գործադրել: Այն հաստատման է ներկայացվելու կազմակերպության երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ։