Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել բուժական նպատակներով կանեփի գործածության կանոնավորմանը
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) ենթահանձնաժողովը հունիսի 21-ին հավանություն է տվել այն հաշվետվությանը, որը նպատակաուղղված է բուժական նպատակներով կանեփի գործածության կարգավորմանը: Այդ մասին հաղորդել է La Vanguardia թերթը։
Նախաձեռնության դեմ են քվեարկել պահպանողական Ժողովրդական կուսակցության եւ «Վոքս» ծայրահեղ աջ քաղաքական ուժի ներկայացուցիչները: Առաջարկությունը դեռ պետք է հավանություն ստանա թագավորության առողջապահության հանձնաժողովում:
Նախաձեռնությունը նախատեսում է բժշկական մարիխուանայի վաճառք դեղատներում, ինչպես նա առաջարկությունը թույլ է տալիս բժշկի նշանակմամբ կանեփ գործածել ուռուցքաբանական հիվանդությունների հարուցած ցավերի եւ էնդոմետրիոզի դեպքում: Անցյալ տարի Պատգամավորների կոնգրեսը հրաժարվել էր քննարկել այն օրինագիծը, որը կանոնավորում է մարիխուանայի գործածումը երկրում: Նախաձեռնությունը նախատեսում էր չափահասների կողմից դրա գործածության թույլտվություն այն սահմանափակումերով հասարակական վայրերում՝ համանման սահմանափակումներին, որոնք գործում են ծխախոտի արտադրանքի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: