Կրեմլում պատմել են, թե ինչ են ակնկալում Մակրոնի, Շոլցի և Դրագիի Ուկրաինա այցելությունից
Ֆրանսիայի և Ռումինիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Կլաուս Յոհանիսը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Կիևում կքննարկեն ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։
«Քննարկվելու է հացահատիկի թեման։ Մենք բոլորս գիտենք, որ դեռևս չենք կարողանում հասկանալ հացահատիկի հարցում Ուկրաինայի դիրքորոշման էությունը»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է, Թուրքիան նույնպես ջանքեր է գործադրում։ Կրեմլի խոսնակը հույս է հայտնել, որ Կիև ժամանած քաղաքական գործիչները «չեն կենտրոնանա միայն Ուկրաինային աջակցելու վրա՝ նրան զենք ուղարկելով»։
«Դա անօգուտ է և շարունակելու է ժողովրդի տառապանքը։ Մենք հուսով ենք, որ նրանք օգտագործում են շփումները՝ խրախուսելու նախագահ Զելենսկիին, որ իսկապես ուշադրություն դարձնի իրադարձություններին»,- ասել է Պեսկովը։