Շոլցը վստահեցրել է Ուկրաինային մշտական և լիակատար աջակցություն ռուսական հարձակման դեմ պայքարում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վստահեցրել է Ուկրաինային մշտական և լիակատար աջակցություն ռուսական հարձակման դեմ պայքարում։ Այս մասին նա ասել է Կիևի ճանապարհին գնացքում լրագրողների հետ զրույցում, գրում է Bild-ը։
«Կարևոր է, երբ երեք խոշոր երկրների կառավարությունների ղեկավարները, որոնք մասնակցել են Եվրոպական տնտեսական համայնքի ստեղծմանը, մեկնեն Կիև և իրենց աջակցությունը ցույց տան Ուկրաինային և Ուկրաինայի քաղաքացիներին այս հատուկ ռազմական իրավիճակում»,- ասել է Շոլցը։
Աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է Ուկրաինայի պայքարին։ «Բայց մենք ոչ միայն ցանկանում ենք համերաշխություն դրսևորել, այլ նաև ցանկանում ենք վստահեցնել, որ մեր կազմակերպած օգնությունը՝ ֆինանսական, մարդասիրական, ինչպես նաև զենքին կշարունակվի»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան Կիև են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։