Արդյոք պայմանավորվածություն չի՞ եղել թշնամու հետ, որ «Իսկանդերը» չի օգտագործվելու, միգուցե թշնամին վստա՞հ է եղել․․․ Արամ Գ. Սարգսյան (տեսանյութ)
Մի ժամանակ բոլորը ֆուտբոլի մարզիչներ էին, հիմա բոլորը քաղաքական վերլուծաբաններ։ Այս մասին ասուլիսի ժամանակ կեսկատակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հիմնադիր և առաջին քարտուղար Արամ Սարգսյանը։
Նա նկատում է, որ այդպես էլ մարդիկ չհասկացան, որ մենք ունեցել ենք բավականին զենք ու մարտունակ բանակ, իսկ այն հանգամանքը, որ պարտվել ենք՝ խոր ուսումնասիրության պետք է արժանանա․ ինչ ենք ունեցել, ինչքան ենք ունեցել և ինչպես ենք օգտագործել։
Արամ Սարգսյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Արթուր Դավթյա՛ն, Դուք պարտավոր եք պարզել հանգամանքները, թե ինչու և այդ ինչպե՞ս եղավ, որ մեր հայկական մարտունակ բանակը պարտվեց պատերազմում։ Բացի այդ, Դուք պետք է նաև պարզեք, թե այդ ինչպե՞ս եղավ, որ «Իսկանդեր» ունենալով՝ այն չկրակեց, կամ կրակեց մեկ անգամ ու չգիտես ինչպես։ Արդյոք չի՞ եղել թշնամու հետ պայմանավորվածություն, որ «Իսկանդերը» չի օգտագործվելու, միգուցե թշնամին վստահ է եղել, որ «Իսկանդերը« չի օգտագործվելու»,- ասում է Արամ Սարգսյանն ու հավելում, որ երբ թշնամին կիրառում էր ֆոսֆորային զենք, որն արգելված է, Հայաստանը լիիրավ էր ի պատասխան դրա կիրառել «Իսկանդերը»։
«Ինչո՞ւ չկիրառեցիր «Իսկանդերը», ինչո՞ւ նրա նավթամուղին չհարվածեցիր ու չոչնչացրիր այն․․․ սրանք բոլորը հարցեր են, որոնք պետք է պարզվեն»,- նկատում է Արամ Սարգսյանը։
Նա հիշեցնում է նաև այս առիթով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իբր «Իսկանդերի 10%-ն է կրակել»։ Սարգսյանի որակմամբ, սա զավեշտ է և միայն այս հայտարարության համար արդեն այդ մարդը պաշտոնում չպետք է լիներ։
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում