Աբսուրդի ժանրից է. մնում էր Քենադու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին. Բագրատ Եսայան
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն արդեն ազատության մեջ է։ Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվել է։
«Կարծում եմ՝ սա իսկապես հաղթանակ է։ Այն հիմքերը, որով նախաքննության մարմինը՝ 44 հոգանոց քննչական խումբը, քրեական գործ հարուցելուց 20 ամիս անց կալանքի միջնորդությամբ մտել էր դատարան, ուղղակի ծիծաղելի էր։ Մենք այս պայմաններում ականատես ենք բազմաթիվ անարդար, անպօրինի որոշումների, բայց ի պատիվ այս դատավորի, երևի միակ հնարավոր արդարցի որոշումը կայացվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը։
Նրա համար անսպասելի է եղել, որ ձերբակալությունից ընդամենը 10 ժամ հետո քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել, մինչև ժամը 03։00-04։00-ն ընթացել էր միջնորդության քննությունը։
«Իսկապես, աբսուրդի ժանրից էր այն, ինչ ներկայացրել էին դատարան։ Մնում էր Քենադու սպանության ու Շուշիի հանձնման մեջ ինձ մեղադրեին ու այդ հիմքով կալանքի միջնորդություն անեին։ Քրեական գործն ընդամենը մի էպոզիոդի վրա էր հիմնված,- ասաց Բագրատ Եսայանը։
Նրա խոսքով, ապրիլից, երբ «Դիմադրության» շարժումն ակտիվացավ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը կտրուկ ակտիվացրեց իր աշխատանքները վերջին քաղաքական իրադարձությունների լուսաբանման ուղղությամբ, նրանք միանգամից ակտիվացրեցին այս քրեական գործը, որը 18 ամիս քնած էր, որևէ գործողություն չէր արվում։