ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը կժամանի Հայաստան և Ադրբեջան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն այս տարվա հունիսի 14-ից 19-ը շրջագայելու է Հարավային Կովկասում։ Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 14-ից 19-ը կմեկնի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան՝ ընդգծելու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման ԱՄՆ հանձնառությունը»,- ասվում է զեկույցում։
Դրանում նշվում է, որ Դոնֆրիդը կնշի ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը` «ընդգծելով Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի իրավունքը՝ որոշելու իրենց ուղին»։
ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակեց, որ նա նաև կընդգծի Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, այդ թվում՝ աջակցելով քաղաքական, տնտեսական և միջանձնային կապերի զարգացմանը ողջ տարածաշրջանում: