Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել
Մեկնարկել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: ԻՆչպես հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից, այսօր նախարար Փամբուխչյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում. առաջին կանգառը Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատն էր:
2022 թվականի լողասեզոնի բացմանն ընդառաջ՝ Արմեն Փամբուխչյանը ծանոթացել է ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին:
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանն Արմեն Փամբուխչյանն ուրախությամբ ընդգծել է, որ նախորդ տարի լողասեզոնի ամբողջ ընթացքում որևէ դժբախտ դեպք չի արձանագրվել և հույս հայտնել, որ նույն ձեռքբերումը կունենանք նաև այս տարի։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայիսի 6-ին Սևանա լճում անհետացած երկու ձկնորսների որոնողական աշխատանքներին:
«Որոնումների արդյունքում՝ ձկնորսներից մեկի դին հաջողվել է հայտնաբերել, սակայն երկրորդ ձկնորսի որոնումները շարունակվում են արդեն տևական ժամանակ։ Մեր աշխատանքների արդյունավետությունը միաժամանակ պայմանավորված է Գեղարքունիքի մարզպետարանի հետ շուրջօրյա համագործակցությամբ, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, մարզպետարանի աշխատակազմին, Գեղարքունիքի ՄՓՎ-ին»,- նշել է ԱԻ նախարարը։
Մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատներ: