Ադրբեջանը եթե կարող է` թող վերցնի, ո՞ւմ է սպասում. քաղաքագետ
«Պանթուրքիստական հայտարարություն է, Ադրբեջանը դուրս է տալիս»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ 2015 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի եղել, իր եւ Սարգսյանի վերջին հանդիպումը նույնպես ձևական բնույթ է կրել:
Շիրինյանի խոսքով` դուրս տալը Ադրբեջանին հատուկ է: Այդ ժանրից է նաև այն հայտարարությունը, թե տարածքները ետ են վերցնելու:
«Կարա՞ն` թող վերցնեն, ո՞ւմ են սպասում: Պարզ չի, որ չեն կարա»,- հավելեց քաղաքագետը:
Նրա կարծիքով` Ադրբեջանը շարունակում է հարձակողական մեթոդաբանությունը նաև հայտարարության տեսքով, ուրիշ ոչինչ չկա: Դրան համապատասխան գնահատական պետք է տա միջազգային հանրությունը: Ըստ էության` Ալիևի խոսքերը հենց նրանց է ուղղված:
Քաղաքագետը կարծում է, որ նմանատիպ հարձակողական հայտարարություններին ոչ թե պետք է պատասխան տանք, այլ, առհասարակ, նախահարձակ լինենք:
«Ես կխփեի Եվլախի ուղղությամբ` կոմունիկացիոն, տրանսպորտային հանգույցին: Ոչնչացնող պատասխան կլիներ` կսսկվեին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Newspress.am-ի հետ զրույցում մեկ այլ քաղաքագետ Մանվել Սարգսյանը հորդորեց Ալիևի հայտարարություններին ուշադրություն չդարձնել, քանի որ նրա ասածների մեջ ոչ մի նորություն չկա, ընդամենը միջազգային հանրությանը փորձում են հաղորդագրություն ուղարկել, որպեսզի հայկական կողմի վրա ճնշում գործադրեն, կոնֆլիկտը ի օգուտ Ադրբեջանի լուծելու համար: