Պենտագոնը Ռուսաստանին կոչ է արել Սիրիայում սադրանքներ թույլ չտալ
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի զինվորականները մշտական շփումներ են պահպանում Սիրիայում էսկալացիայի եւ սխալ հաշվարկների ռիսկերը կանխելու համար, Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում թույլ չտալ սադրանքներ, Սենատում լսումների ժամանակ հայտարարել Է Մերձավոր Արեւելքի հարցերով Պենտագոնի ղեկավարի օգնականի տեղակալ Դանա Սթրոուլը:
«Սիրիան մնում է աշխարհի միակ շրջանը, որտեղ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ուժերն ամեն օր գործում են անմիջական հարեւանությամբ։ Կոալիցիայի ուժերը Ռուս զինվորականների հետ պահպանում են օդում եւ ցամաքում հակամարտությունների կանխման ուղիները՝ կոալիցիայի ուժերը պաշտպանելու եւ չկանխամտածված էսկալացիայի կամ վրիպումների ռիսկերը նվազեցնելու համար», - ասել է Սթրոուլը՝ ելույթ ունենալով Սենատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ:
Ըստ նրա՝ «ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել, որպեսզի վերջինս հավատարիմ մնա հակամարտությունների կանխման երկկողմ գործընթացներին եւ որեւէ սադրիչ գործողություն չձեռնարկի»: Սթրոուլը նշել է, որ «տեղաշարժերն ու փոխգործակցությունը, որոնք չեն համապատասխանում հակամարտությունների կանխարգելման սկզբունքներին, անհանգստության առիթ են», սակայն «Սիրիայում ամերիկացի զինվորականների պրոֆեսիոնալիզմը գլխավորն է՝ էսկալացիան կանխելու համար»: