Մենք վստահում ենք մեր տղաներին և հուսով ենք, որ ամեն ինչ լավ կստացվի մեզ համար. Կապառոս
Ազգերի լիգայի Շոտլանդիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մամուլի ասուլիս է տվել Գլազգոյում։
« Պիտի բավականին լավ հանդես գանք։ Մենք վստահում ենք մեր տղաներին և, բնականաբար, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կստացվի մեզ համար։
Բոլորս էլ գիտակցում ենք այդ թիմի մակարդակը և գիտենք բոլոր ֆուտբոլիստներին։ Կնշեի ընդհանուր թիմի մրցունակությունն ու թիմային խաղը։
Վստահ եմ, որ Շոտլանդիան վաղը շատ մոտիվացված է լինելու։ Սա շատ նման է մեր դեպքին․ մենք Նորվեգիայի հավաքականից ծանր հարված ստացանք, բայց տղաները շատ էին սպասում Իռլանդիայի դեմ խաղին մեր երկրին ու մեր երկրպագուներին ուրախություն պարգևելու համար։
Անկասկած, այո, Էդուարդ Սպեչցյանը հավաքականի ապագան է, բայց ոչ միայն նա՝ Արթուրը, Վահանը, Ստյոպան, նրանք ևս երիտասարդ են ու կարող են համարվել հայկական ֆուտբոլի ապագան։»,- ասել է նա։
Շոտլանդիա-Հայաստան խաղը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։